Կրթական համակարգի փլուզումը բազմանպատակ պրոցես է, որի հիմնական նպատակը հասարակության մեջքը կոտրելն է ու ժողովրդի դիմադրությունը հնարավորինս փոքրացնելը` այդպիսով հեշտացնելով նրանց կառավարումը։
Բացի դրանից, կրթական համակարգի փլուզումը բերում է մարդկանց մտածելակերպի պարզունակացման, և մարդիկ անընկալունակ են դառնում կյանքի խորքային բարդությունների նկատմամբ։
Գիտուն և ուսյալ անհատի հիմնական տարբերությունը անուս ու անգետ մեկից առաջինների անալիտիկ հատկությունների բարձր մակարդակն է անկիրթների նկատմամբ, որի պատճառը վերջինների մոտ երևույթների ու պրոցեսների մեջ պատճառահետևանքային կապերը չտեսնելն ու չհասկանալն է։ Այդ պատճառով անկիրթ մարդուն մի քանի ճշմարտանման բան ասելով նրան կարելի է մոլորեցնել և տանել ցանկացած ուղղությամբ։
Եթե դրան էլ ավելացնենք անկիրթ մարդկանց գիտակցության մեջ փսևդոգիտելիքի ամրապնդման ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները, ինտերնետից սկսած մինչև արտաքինից պարզունակ, բայց խորամանկ իմաստով պրեզենտացիաները, ապա հասկանալի կդառնա ժողովրդի ներկայիս մոլորված վիճակը։ Եթե ժողովուրդն ունենում է բարձր մակարդակի և աշխարհի գործերին տեղյալ վերնախավ, ապա վերջինս մարդկանց տանում է դեպի նորմալ կյանք ու բարեկեցություն, իսկ եթե վերնախավը անճարակ է, ինչպես մեզ մոտ, ապա ժողովուրդը նմանվում է անառագաստ ու անքամի նավակի, որը սեփական ճանապարհ չի կարող ունենալ և ենթարկվում է ուրիշների կամքին։
Հասարակության ու ժողովրդի մեջքը կոտրելու ավելի հզոր զենք է ամեն օր մարդկանց ուղեղը մտցնելը, որ նրանք ունեն ստրուկի մտածելակերպ և նորմալ պետականություն կառուցելու համար պիտանի չեն։
Եվ դա արվում է նույն վերնախավի ձեռքերով, դրանով իսկ, հասկանալով կամ առանց հասկանալու, սեփական մեղքն ու անճարակությունը բարդելով ժողովրդի գլխին։
Այնինչ, իրականում մեր ժողովուրդը ունակ ու ստեղծարար է, դրա համար միայն նպաստավոր պայմաններն են պակասում, որը մեկ անգամ ևս խոսում է վերնախավի անճարակության մասին։ Ուրիշ շատ թե քիչ նպաստավոր պայմաններում, որտեղ մեր մարդիկ կարողանում են դուրս գալ հայկական միջավայրին բնորոշ խեղդուկ հոգեբանական մթնոլորտից, նրանք հասնում են հաջողությունների, և դա տեղի է ունենում բոլոր այն երկրներում, որտեղ նետում է նրանց ճակատագիրը։
Լինում են նպատակասլաց կյանքով ապրող ժողովուրդներ և աննպատակ կյանքով ապրող ամբոխ, մեզ խեղդողը կիսաամբոխային աննպատակ կյանքն է, որի հիմնական պատճառը այն է, որ մեր վերնախավը չի իմանում թե ինչ բան է ժողովրդին առաջնորդելը և հեշտությամբ խաղալիք է դառնում օտարների ձեռքին։
Պավել Բարսեղյան